Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում հայտնի հայ կոլեկցիոներ, արվեստի սիրահար Սարգիս Գրիգորյանը երկար որոնումներից և փնտրտուքներից հետո, Ֆրանսիայի խոշոր գալերեաների հետ համագործակցության արդյունքում, ձեռք է բերել համաշխարհային մեծության նկարիչ Լևոն Թութունջյանի յուղաներկ կտավները: Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ են Թութունջյանի յուղաներկ կտավները մուտք գործում, քանի որ նույնիսկ Ազգային պատկերասրահն առ այսօր նրա գործերից ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել, հետևաբար` հայ հասարակությանը նույնպես հեղինակին բացահայտելու առիթ չի ընձեռվել: Մեր ձեռքի տակ է գտնվում մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Փարիզում 1990 թ. հունիսի 19-ին իմպրեսիոնիստների և մոդեռնիստների ցուցահանդեսում հայազգի համաշխարհային մեծության հանճար Լ. Թութունջյանը ցուցադրվել է Պիկասոյի, Շագալի, Ռենուարի, Միրոյի, Դալիի, Ռոդենի, Օսկարի և այլ մեծությունների հետ: Հիշեցնենք, որ Լ. Թութունջյանին աշխարհը ճանաչում է` որպես տաշիզմի այն կարևորագույն հիմնադիրներից, որն ընդգրկված է այդ ուղղության հիմնադիր կազմում: Նրան գնահատում և արժևորում են ոչ պակաս բարձր, քան սյուրռեալիստ Սալվադոր Դալիին: Կոլեկցիոներ Ս. Գրիգորյանը, ֆրանսիական խոշոր գալերեաների հետ համագործակցելով, գնել և Հայաստան է տեղափոխել Լ. Թութունջյանի 40-ական թվականներին ստեղծած մի աննկարագրելի արժեքավոր յուղաներկ գործ, որը զետեղված է հանճարեղ նկարիչներին ներկայացնող համաշխարհային, մասնավորապես` ֆրանսիական պատկերագրքերում: Երկրորդ գործը, որը հայ կոլեկցիոները գնել է՝ Լ. Թութունջյանի 1930-ականներին ստեղծած Ցեղասպանության թեմայով արտահայտման իր ձևի մեջ ամենածանր, սարսափազդու, միևնույն ժամանակ՝ ամենատպավորիչ, ինքնատիպ գործն է: Մեր հասարակությունը Հայաստանի պատմության մեջ եզակի հնարավորություն ունի Թութունջյանի այդ գործը տեսնել «Hi-artonline.com» նախագծի` դեկտեմբերի վերջին նախատեսված ցուցահանդեսում: Թութունջյանի այդ կտավը շատ մեծ ու հետաքրքիր ճանապարհ է անցել, ունի բազմաշերտ, խոր պատմություն: Այն 1990թ. թվով 50 համաշխարհային մեծությունների հետ աշխարհի խոշորագույն աուկցիոնում վաճառվելով` մեծ ճանապարհ է անցել, և այսօր հայ կոլեկցիոների մեծ ջանքերի շնորհիվ` Հայաստանում է:
«Մեր հասարակությունն արդեն հնարավորություն ունի տեսնելու այդ անգնահատելի գործը, որը համաշխարհային նկարչության գիգանտների հետ մեծ ճանապարհ է անցել: Ամեն ինչ կանեմ, որ այն Հայաստանում մնա, և Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ կարողանանք Ազգային պատկերասրահում ցուցադրել: Մոտ երկու ամիս կցուցադրվի «Hi-artonline.com»-ի առաջիկայում կայանալիք ցուցահանդեսում, և ես սիրով տեղեկացնում եմ հայ արվեստասերներին, որ կարող են գնալ, հիանալ այդ արժեքավոր գործով, որն անգամ հնարավորություն չեն ունեցել տեսնելու աշխարհի շատ երկրների թանգարաններ, որոնք Թութունջյանի գործեր ձեռք բերելու ճանապարհներ են որոնում»,- վստահեցնում է Ս. Գրիգորյանը՝ կոչ անելով՝ այս եզակի հնարավորությունը բաց չթողնել: Ի դեպ, չի բացառվում, որ Թութունջյանի այս ստեղծագործության Հայաստանում գտնվելու և ցուցադրվելու փաստի մասին լուրն օտարերկրացի արվեստասերներին, կոլեկցիոներներին մեր երկիր բերի միայն նրա համար, որ այդպիսով հնարավորություն կունենան տեսնել Պիկասոյի, Միրոյի, Դալիի գործերի կողքին ցուցադրված ստեղծագործությունը:
- Պրն Գրիգորյան, Դուք Լևոն Թութունջյանի մասին այնքան տեղեկատվություն ունեք, որքան գուցե չենք գտնի նույնիսկ այսօրվա համացանցում: Որքան գիտենք, փորձում եք աշխարհում սփռված նրա գործերի մասին տեղեկանալ, ուսումնասիրել դրանց գտնվելու վայրերը, արժեքը: Եվ վերջապես, Հայաստանի արվեստի պատմության մեջ առաջին անգամ Դուք բերել եք նրա յուղաներկ երկու ստեղծագործությունները: Ինչպե՞ս հաջողվեց այդ գործերը ձեռք բերել: - Այո, Հայաստանում Թութունջյանի միակ յուղաներկ կտավն արդեն գտնվում է Բարձր արվեստ կենտրոնի «Շեդևր» գալերեայում: Նրա՝ 40-ական թվականների հազվագյուտ գործերից է, որն առկա է ֆրանսիական պատկերագրքերում և մեծ պատմություն ունի: Շատ քիչ մարդիկ են տեսել այդ գործն, իսկ ովքեր էլ տեսել են՝ ցնցված են: Ֆրանսիայի գալերեաները, որոնք տնօրինում են Թութունջյանի գործերը, իմ խնդրանքով այդ հեղինակի ցանկացած գործի մասին ինձ տեղեկացնում են: Մեր ազգի զգալի մեծամասնությունը չգիտի՝ ո՞վ է Լ. Թութունջյանը, արվեստաբաններից շատերը` նույնպես, այն դեպքում, երբ նրա մի կոլաժը Փարիզում հրեաների կողմից վաճառվում է 300.000-500.000եվրոյով: Ֆրանսիական երկու լուրջ գալերեաներ Թութունջյանով են զբաղվում և նրա արվեստանոցում առկա արվեստի գործերի՝ նկարչության հետագա ճակատագրի իրավունքը գնել են: Ուրախ եմ, որ Թութունջյանի գործերն ապահով ձեռքերում են, որովհետև հրեա ազգը կարողանում է արվեստը գնահատել, արժևորել: Անցյալ տարի Ֆրանսիայի Լուվրի Պոմպիդուի կենտրոնը երեք նոր գործ է գնել Թութունջյանից, և Ֆրանսիան այդ հեղինակի գները միանգամից մի քանի անգամ բարձրացրել է: Ի դեպ, ֆրանսիացիների 90%-ն արվեստով է զբաղվում, իսկ 10%-ը՝ քաղաքականությամբ: Կարող եմ ձեզ ցույց տալ մի անչափ գեղեցիկ դիզայնով, հաստափոր տեղեկատվական գիրք, որում ընդգրկված են այն հեղինակներն ու գործերը, որոնք գնել են Ֆրանսիայի թանգարանները: Այսինքն, երբ որևէ ֆրանսիացի ցանկանում է մի գործ գնել՝ այդ գրքի տեղեկատվությունն իրենց համար չափանիշ է` ստուգելու համար, թե արդյո՞ք իրենց պետությունը գնել է տվյալ հեղինակի գործերից: Եթե Ֆրանսիայի թանգարանները գնել են, ուրեմն՝ առաջնորդվելով և վստահելով իրենց թանգարաններին` գնում են, և գինն արդեն երկրորդական է: Իրենք իրենց ազգային թանգարաններին անվերապահորեն վստահում են՝ գիտակցելով, որ նրանք երբեք վատ հեղինակ չեն ընտրում: Դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր պատկերասրահին տարեկան մեկ միլիարդ դրամ հատկացնենք՝ հայ մեծերի գործերը գնելու համար: Պետք է գնել այն, ինչը մենք չունենք: Վերջերս Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ տեսանք Փանոս Թերլեմեզյանի 1929թ. «Գորիսը» նկարը: Նկարը վաճառում էին 6000-7000 դոլարով, բայց Փ. Միրզոյանն ինձ պատմեց, որ մինչ դռնեդուռ է ընկել գումար հայթայթելու և այն Պատկերասրահի համար գնելու՝ այսօր նկարը գնած մասնավորն այն վաճառում է 70.000 դոլարով: Հայերը միլիոններով օտարերկրյա հեղինակների գործերն են գնում՝ չգիտակցելով, որ, օրինակ՝ նույն Ֆրանսիայում ազգային նկարիչ ունենք, որին չգնելով` սպանում ենք նրան: Լ. Թութունջյանը ժամանակին այդպես էլ մոռացվել է: Մի մարդու, որը 21 տարեկանում Միրոյի, Պիկասոյի հետ հավասար ցուցադրվել է, ով եղել է տաշիզմի հիմնադիրներից մեկը և ընդգրկված է դրա հիմնադիր խմբի անձնակազմի մեջ, 1930 թվից սյուրռեալիզմով է զբաղվել, ընդ որում՝ իր և Դալիի գործերն արժանացել են հավասար գնահատականի: Լ. Թութունջյանն անբացատրելի արվեստագետ է, ոչ մի ուղղության մեջ կանգ չի առել, այնքան հանճարեղ է եղել, որ նկարչության բոլոր ճյուղերի մեջ փայլել է իր հանճարով, նրա ուղեղը եղել է տիեզերական ուղեղ: Նրա նկարչությունն առանձնահատուկ է և ամենևին կապ չունի՝ երկրաչափական աբստրակցիա՞ է, թե՞ սյուրռեալիզմ, և նրա բոլոր ստեղծագործությունները հատընտիր են, չկա թույլ, կիսատ, վատ գործ: Հայ արվեստասերները շատ ոգևորված են` Թութունջյանի յուղաներկ գործերը Հայաստան բերելու փաստով և ամեն օր խնդրում են հնարավորություն տալ այն տեսնելու: Դրա համար որոշեցի մեր ժողովրդին չզրկել այդ հնարավորությունից: Այն կցուցադրվի «Hi-artonline.com»-ի կազմակերպվող ցուցահանդեսում մոտ երկու ամիս: Մեր ժողովուրդը պետք է տեսնի այդ հանճարի ստեղծագործությունը, քանի որ զուրկ է եղել դրանից:
- Մեր ձեռքի տակ է փաստաթուղթը, համաձայն որի՝ Լ. Թութունջյանը ցուցադրվել է Պիկասոյի, Շագալի, Միրոյի, Ռենուարի և այլ համաշխարհային մեծությունների հետ, մինչդեռ ազգությամբ հայ հեղինակի յուղաներկ գործն առաջին անգամ է Հայաստան մուտք գործում, այն էլ՝ Ձեր շնորհիվ: Ստացվում է՝ հայ հասարակությունը, Թութունջյանի գրաֆիկական մի քանի աշխատանքներից բացի, նրա սյուրռեալիստական, տաշիզմի, աբստրակցիա ուղղություններով հանճարեղ յուղաներկ կտավները երբևէ չի էլ տեսել: Ի դեպ, անգամ համացանցում այդ գործերը տեսնելու հնարավորություն չունենք: - Այո, ցավալիորեն պետք է նշեմ, որ մենք ունենք նման մեծություն, որը մոռացվել է և՛ հայերի կողմից, և՛ օտարների: Օրինակ, Գյուլբենկյանը կարող էր նաև նրա գործերից գնել, որպեսզի նաև այդ մարդը սովի չմատնվեր: Մյուս կողմից էլ՝ հավանաբար դրսի հայերը շատ ավելի մեծ խնդիրներ են ունեցել՝ ազգի, լեզվի պահպանման: Մինչդեռ, հավատացեք, Թութունջյանի գործերը չգտնելն ու չգնելը մեր կողմից հանցագործություն է:
- Թութունջյանի մասին խոսելու համար բառերը քիչ են, որովհետև տեսնել է պետք: Թեմայից շեղվենք և քննարկենք այն խնդիրները, որոնց արդյունքում ենք գուցե մենք կորցնում մեր արժեքները, ընդհուպ մինչև անգամ՝ աշխարհը գնահատում է, իսկ մենք մեր հանճարների մասին շատ քիչ բան գիտենք: Մասնակցելով համաշխարհային մշակութային այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են՝ արվեստի խոշոր աճուրդները, art-exspo-ները, ցուցահանդեսներն ու մշակութային մեծամասշտաբ միջոցառումները, բնականաբար, տեղեկացված եք այլ երկրների մշակութային քաղաքականությունից: Ըստ Ձեզ` հասարակության մեջ արվեստն իրացնելու հիմնասյունը պետական քաղաքականությո՞ւնը, կրթական համակա՞րգը, թե՞ ազգային ավանդույթներն ու առանձնահատկությունները պետք է լինեն: - Պետությունն արդեն մեծ ֆունկցիա ունի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մարդուն կրթելու գործը վերցրել է իր վրա, այսինքն` դպրոցները: Բացի այդ, պետությունն այդ գործառույթն իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, որտեղ նույնպես ստանձնել է մարդու դաստիարակության և կրթության մի ամբողջ համակարգի պատասխանատվություն: Արվեստի ընկալումը ներառված է այն գիտելիքների մեջ, որը ստանում է աշակերտը կամ ուսանողը, բնականաբար, այն չափաբաժնով, որով հնարավոր է համապատասխան տարիքում կամ հաստատություններում սովորել: Մեզ մոտ կա շատ լավ ավանդույթ ունեցող և շատ ակտիվ գործող Գեղարվեստի ակադեմիա, որն, իր վճարովի տեղերով հանդերձ, բոլոր դեպքերում պետական բուհ է և պետությունից ստանում է ֆինանսավորում: Պետական մյուս օժանդակությունը, որն ամբողջ աշխարհում եղել է և կա, դա, օրինակ՝ Սովետական Միությունում Նկարիչների միությունների միջոցով ֆոնդերի համար պատվեր տալն ու գնելն էր, որն այն ժամանակվա տնտեսական կառուցաձևի մեջ արդյունավետ մոդել էր: Նույն բանը կա նաև ազատ շուկայական պայմաններում. աշխարհի բոլոր պետություններն իրենց պետական թանգարանների միջոցով պարտադիր համաշխարհային նկարչություն են գնում՝ առաջնահերթությունն, անշուշտ, տալով իրենց ազգի նկարիչներին: Աշխարհի բոլոր «քյասիբ» երկրներն իրենց թանգարանների համար մեծաքանակ համաշխարհային արվեստ են գնում` կրկին առաջնահերթություն տալով իրենց ազգին: Մինչդեռ մենք շատ քիչ արվեստի գործեր ենք գնում և ոչ թե առաջնահերթությունը տալիս ենք հայերին, այլ՝ հայերից բացի, ոչինչ չենք գնում:
- Գավառական մտածելակե՞րպ է: - Գավառական էլ չէ՝ գավառականի մեջ ավելի մեծ հատիկներ կան: Ես վերջերս ականատես եղա մշակութային մի այնպիսի չտեսնված երևույթի, երբ Ազգային պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Դրամփյանի ընտանիքն իր կոլեկցիայից Մարկ Շագալի գործը նվիրաբերեց Պատկերասրահին. Շագալ, այն էլ՝ նրա վաղ շրջանի գործերից նվիրելն անգամ աշխարհում կարելի է եզակի դեպք համարել: Շատ ուրախ էի, որովհետև այդ հրաշալի նվերը մեր Պատկերասրահի առաջին տնօրենի, հիմնադրի ընտանիքի կողմից էր: Հարցն այն չէ, որ այդ նկարի գինը 8-10 մլն դոլար է, այլ հարցն այն է, որ նման արժեքի նմուշներ շատ քիչ է պատահում, որ նվիրեն, բայց այդ ընտանիքը մեծ ուրախությամբ, արդեն, եթե չեմ սխալվում` երկրորդ նկարը նվիրեց, ինչը կարող է լինել հարյուր տարին մեկ անգամ: Մենք նստել սպասում ենք, թե մեր ո՞ր հայրենակից կոլեկցիոները նվեր կտա Պատկերասրահին: Մինչդեռ պարտավոր ենք հատկապես մեր հայ մեծերի նկարչությունը հավաքել: Մենք ունենք Սարյանի, Քոչարի նման մեծություններ և տուն-թանգարաններ, բայց չունենք Արշիլ Գորկու տուն-թանգարան: Մենք պետք է ամեն առիթ օգտագործենք` պետության, մեծահարուստների միջոցով Գորկու գործերը գնել և բերել Հայաստան: - Չե՞ք կարծում, որ արվեստի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը շարժելու գործառույթը վերապահված է նաև լրատվամիջոցներին, հեռուստատեսությանը՝ քարոզչության, մշակութային իրադարձություններն ակտիվ լուսաբանելու, թանգարանների, պատկերասրահների մասին տեղեկատվական նյութեր մատուցելու ձևաչափով: - Պետական միջոցներով աջակցությունն ինչպես` աշխարհում, այնպես էլ՝ մեզ մոտ պետք է լինի մոտ 10%-ով, իսկ արվեստի պրոպագանդման, զարգացման 90% աջակցությունը պետք է լինի մասնավորի կողմից: Բիզնեսը պետք է ձուլվի և փորձի արվեստից շահույթ ստանալու հետ մեկտեղ` այն զարգացնել: Այսինքն՝ արվեստը պետք է ֆինանսական հենարան ունենա, որպեսզի զարգանա: Մեր լրատվամիջոցների մեծ մասը մասնավոր են, բայց արվեստի մեկնաբանությունը խայտառակ վիճակում է: Մատնանշեք թանգարանների, արվեստի ստեղծագործությունների կամ արվեստագետի անկյան մասին որևէ հաղորդում: Վարուժան Վարդանյանի նման նկարչի հետ ապրեցինք, բայց առայսօր որևէ վերլուծական խոսք չեմ լսել նրա արվեստի մասին: Մենք դեռ չենք հասկանում, որ հնի և նորի կապողը եղել է Վ. Վարդանյանը: Մյուսների մասին էլ խոսք չա: Թեև մենք ունենք մի քանի լավ արվեստաբաններ, այնուամենայնիվ, նրանք էլ ավելի շատ իրենց կենցաղային կյանքով են զբաղված: Ի դեպ, արդարացիորեն պետք է նշեմ, որ զգալի փոփոխություն կա Հանրային հեռուստաընկերության եթերում, այսօր արդեն որակյալ նյութեր են մատուցում: Կցանկանայի կոչ անել ձեր կոլեգաներին, լրատվական դաշտի ներկայացուցիչներին, շատ քիչ են Հայաստանում մշակույթ լուսաբանող լրագրողները: Շատ բան կախված է լրագրողներից, ովքեր կարող են ընթերցողի, հասարակության հետաքրքրությունն արվեստի նկատմամբ շարժել: Խնդրում եմ, դուք ևս հասարակության մեջ արվեստ քարոզեք, շատ մասնակցեք մշակութային իրադարձություններին և շատ գրեք այդ թեմայով: Խնդրում եմ, միայն սենսացիաների մեջ մի մխրճվեք, արվեստում էլ սենսացիաներ կան, բայց, որոնք արժեքավոր սենսացիաներ են: Մնայուն արժեքն արվեստի մեջ է, մարդը, ազգը ձևավորվում է արվեստի միջոցով: Մարդկանց, ազգերի, մեծ ու փոքրի կապող միակ օղակն արվեստն է: Մարդու ուղեղի ծալքի ամենամեծ վիրուսը դա պատերազմն է, բայց դրա դեմ պայքարող առաջին գործիքն արվեստն է: Նացիոնալիզմի, շովինիզմի դեմ պայքարի ամենամեծ ուժն արվեստն է: Եվ վերջապես, մարդու կողմից հնարված ամենամեծ ուժի՝ փողի միակ հակակշիռն արվեստն է, հակառակ դեպքում մարդկությունը փողի զոհն է դառնալու: Այնպես որ, մարդու մեջ հոգեկան և ուղեղի տիեզերական մտածողության մեծագույն արժեքները ստեղծվում են արվեստի միջոցով: Այն ընտանիքում, որտեղ արվեստի գիտակցությունը բարձր է, փողը համար առաջին արժեքը չէ: - Անդրադարձաք Գեղարվեստի ակադեմիային, մինչդեռ վերջին տարիներին մասնագետները չեն զլանում թմբկահարել այն մտահոգությունը, որ այդ հաստատությունից հիմնականում դուրս են գալիս թույլ արվեստագետներ, որոնք մրցունակ չեն գեղարվեստի, քանդակի այլ երկրների` օր օրի զարգացող, համաշխարհային արվեստի նվաճումներ արձանագրող արվեստագետների հետ: - Այդ ինստիտուտը միշտ որակյալ մանկավարժական կազմ և սաներ է ունեցել, որտեղ դասավանդել է Բաժբեուկ Մելիքյանը, Գյուրջյանը, Իսաբեկյանը, Քամալյանը, այսինքն՝ մեր մեծանուն նկարիչներն են ուսանողներին կրթել: Մեր լավագույն ստեղծագործողներն այդ բուհ-ում ժամավճարով աշխատել են: Այսօր էլ լավագույն արվեստագետները դասավանդում են, բայց այլ հարց է, թե մենք ինչ բազա ունենք: Ի վերջո, Ակադեմիան ներգրավել է բոլոր լավագույն արվեստագետներին: Արվեստը, հատկապես նկարչությունը, որը շատ զգայուն, անձնավորված արվեստ է, այնպես չէ, որ աշխարհում պիտի տարածված լինի, չկա նման բան: Մենք գիտենք, որ նկարչության աշխարհի կենտրոնը Փարիզն է և այդ զգայարաններով կապված է Իտալիայի, Լոնդոնի, Նյու Յորքի հետ, բայց նրանց մոտ ավելի շատ աուկցիոնային և բիրժային խաղերն են ակտուալ, իսկ մշակույթի, արվեստի վերջնական արժևորումը տեղի է ունենում Փարիզում: Ի դեպ, եթե Լոնդոնի «Սոթբիսում» 100միլիոնով նկար է վաճառվում, դա չի նշանակում, որ այդ գինը ձևավորվել է Լոնդոնում, ոչ, այն ձևավորվել է Փարիզում: Եվ այնպես չէ, որ ցանկացած երկրում նկարչությունը կարող է փայլել: Հայաստանը երբեք չի եղել նկարչության «բումի» կենտրոն: Անցյալ դարում մենք ունեցել ենք նկարիչ հանճարների շարան, բայց եկեք տեսնենք` նրանք որտե՞ղ են սովորել՝ դրսո՞ւմ, որից հետո եկել են, այստեղ ակադեմիական հիմքեր են դրել, դասավանդել են, այդ թվում նաև Գաֆէսճյանը: Եկեք անկեղծորեն ասենք, որ մեր մեծագույն նկարիչների մեծ մասը սովորել են Մոսկվայում և Լենինգրադում, որտեղ ինչպես` նկարիչների, այնպես էլ՝ դասավանդման մակարդակը համաշխարհային մակարդակի է: Այսօր մեր արվեստագետներն, արդեն որերորդ տասնամյակն է, սովորելու տեղ չունեն: Ի վերջո, մանկավարժը պետք է պրոֆեսիոնալ լինի, որ իր իմացությունը սաներին փոխանցի: Մենք զուտ մանկավարժական խորը պրոբլեմ ունենք, իսկ Ակադեմիան բավականին ակտիվ է, սկսած ռեկտորից` մինչև դասախոսները՝ նվիրյալներ են: - Այսինքն՝ կարիք կա այլ երկրներից մասնագետներ հրավիրելու և մասնագետներին էլ վերապատրաստելո՞ւ: - Անշուշտ, բայց այդ ամենն ուղիղ կապ ունի ֆինանսական միջոցների հետ: Գիտեմ, որ ակադեմիան մեծ կապեր, հարաբերություններ ունի այլ երկրների հետ, բայց դրանք առայժմ չեն կարող ստեղծել այն որակը, որը մենք ուզում ենք: Ի դեպ, բոլոր նկարիչների սկիզբը եղել է կարևոր, լուրջ արվեստանոցներում սովորելը, որն այսօր չեմ տեսնում: Շատ կարևոր է, որ երիտասարդներն ավագ սերնդի արվեստագետների արվեստանոցներ գնան և ինչ-որ բան սովորեն, որովհետև դա էլ է ինստիտուտ, արվեստի և վարպետության փոխանցման ֆունդամենտալ ձևն է:
168 ԺԱՄ